ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆՆ իր գրական գլուխգործոցներից մեկի` «Déjà vu» (Դեժավյու) վիպակի համար տարիներ առաջ բնաբան էր ընտրել Մահաթմա Գանդիի կողմից հրովարտակի պես հնչեցված հետևյալ արտահայտությունը. «Ապրիր այնպես, կարծես մեռնելու ես վաղը»:
Իմաստավորված ու անմնացորդ նվիրումով կյանքն արժևորած ապրելու կոչի նմանվող այս ասույթը նորմալ մարդկանց պարագայում ինքնին ասես ենթադրում է, որ Աստված յուրաքանչյուր օրը որպես երկնային պարգև նման անհատին նվիրելով հանդերձ` «առանց բարձրաձայնելու», կարծես մարդկային բարոյականության արժեհամակարգ ներարկելով նրա էությանը` նաև աստվածահաճո երախտագիտությամբ նման անհատի լինելիությունը գեղեցիկի խորհրդանիշի վերածելու պարտավորությունն է վերջինիս գոյությանն ուղեկից դարձնում` աստվածային ամենատեսությամբ գնահատելով ամենայն բարոյականը դավանանք դարձնելու ունակ նրա հրաշալի մարդկային որակները:
Ողջ կյանքում գոյության այդ աստվածային հավատամքը կեցության վերածած` Ֆելիքս Բախչինյանը հենց այդպես էլ ապրեց ու այնքան տարաբնույթ գրական արարումների հեղինակ դարձավ, որ նույն «գործով» զբաղվող բազմաթիվ անհատներ նրա թողած գրական ժառանգության չնչին տոկոսի սահմաններն անգամ չկարողացան հատել:
Բախչինյանը գրական աշխարհ մուտք գործեց որպես տիեզերաթաթավ մարդկային խառնվածքով օծված իսկական գրականագետ: Բայց տարիներ անց նա իր հավերժական ներկայությունն այդ աշխարհում կարողացավ փառավորել նաև անզուգական գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ հռչակելով իրեն. գրեց վեպեր, վիպակներ, պատմվածքներ, էսսեներ…
Բառակուտակումներից զերծ, ոսկեղենիկ հայերենի մարգարտաշար թովչանքով ասելիքը մարդկային սրտի գորովանքով պարուրած, գրական ու գեղարվեստական հստակ խոսքի վերածելու վարպետությամբ մեր գրականության մեջ եզակի անհատներ կարող են համեմատվել թե Բախչինյան արձակագրի, թե Բախչինյան գրականագետի հետ:
Լավ մարդու առեղծվածային տեսակի զորությամբ հիանալու կամ նրա սրբանման գոյությամբ սքանչանալու կարողությանն ինչպես էլ կոչելու լինենք` դա Բարձրյալի կողմից մարդկային կատարյալ տեսակին ընծայված պարգև է:
Ասվածին պարզապես պիտի հավելեմ, որ միայն մեծատառով Մարդ արարածի աստվածաշնորհ էության հանդեպ երկրպագության հասնող անկեղծ զմայլանքը կարողացավ ողջ կյանքում Ֆելիքս Բախչինյանի համար մարդկային հարաբերությունները կարգավորող չափորոշիչ լինել:
Իսկական արձակագիրը գեղարվեստական գրականությունն ու նրա մեջ տարատեսակ ժանրերով և «իզմերով» որակվող ուղղությունները պետք է կարողանա ծառայեցնել մեկ գերազնիվ նպատակի. պիտի ի զորու լինի ներկայացվող իրականության համապատկերի պատճառահետևանքային ճշմարտությունն անկաշառորեն արտացոլել և կարողանալ մարդու խառնվածքը, նրա էությունն ու մարդկային տեսակն ընթերցողի համար տեսանելի դարձնել:
Ֆելիքս Բախչինյանն իմ կյանքում «հանդիպած» գրողների այն աստղաբույլին է պատկանում, որոնց ստեղծագործություններում նրանց արտառոց տաղանդի շնորհիվ մարդկային հոգին այնքան է նյութականանում, որ այն ընթերցողի համար կարծես ոչ միայն տեսանելի է դառնում, այլ նաև շոշափելի…
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Начало формы